Մենք աշխատում ենք, որ Դուք հանգստանաք
   
Անի, Կարս, Վան, Աղթամար(3 օր)
Պատվիրել

Անի, Կարս, Վան, Աղթամար` հատուկ առաջարկ

Տևողություն
3 օր, 2 գիշեր

Համառոտ նկարագրություն
Զգացեք մեր պատմական հայրենիքի շունչը, տեսեք փառահեղ Անին և Կարսը, հրաշալի Վանա լիճն ու Աղթամարը, հպարտ Սիփանն ու Թոնդրակը, հսկա Արարատը՝ հակառակ կողմից, Բերկրիի ջրվեժը, Մհերի դուռը, աննման վանա կատուն, համտեսեք կարսի խորովածը կարսում, իսկ վանա տառեխը՝ Աղթամարի դիմաց:

Արժեք
77.000 Դրամ 65.000 Դրամ 

Հյուրանոցներ
Իգդիր և կամ Բայազետ

Ուղևորության ծրագիր.

Անի, ուսանողները Մայր Տաճարի ներսում
Վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, ապա կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք: Շարունակելով ճանապարհը` կհասնենք Ախալցխա, ուր կարճատև հանգստից հետո կմեկնենք վրաց-թուրքական սահման: Հատելով սահմանը` կանցնենք Արսեան կոչվող գեղեցիկ լեռների և անտառների միջով և կճանապարհվենք դեպի Կարս, ապա Անի: Աառասպելական Անին 9-11-րդ դարերի Հայոց թագավորության հզոր մայրաքաղաքն էր, որն անվանում էին “հազար ու մի եկեղեցիների քաղաք”: Շրջելով Անիում` կտեսնենք միջնադարյան զորեղ պարիսպներ և աշտարակներ, շքեղ տաճարներ. Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն, Սբ. Առաքելոց, որոնք հազարամյակ անց կանգուն են մնացել: Անիից դուրս գալով` կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր կամ Բայազետ: Գիշերակաց հյուրանոցում:
Աղթամարի Սբ. Խաչում
Առավոտյան կուղեւորվենք դեպի Վան: Բայազետից կբացվի Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ (հարավային) կողմից: Անցնելով Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռները)` կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Հասնելով Վանա լիճ` կնավարկենք դեպի Աղթամար` փիրուզե լճում մի գեղեցիկ կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմնանկարներով: 2010 թվականից Սուրբ Խաչի օրը այստեղ Պատարագ է մատուցվում` մեկ դար անց Արեւմտյան Հայաստանում: Աղթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Ճաշին կհամտեսենք հայտնի “Վանա տառեխը”, որը լճում ապրող միակ տեսակի ձուկն է: Այնուհետեւ կայցելենք Վանի բերդ (հիմնված 9-րդ դարում մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի և Երեւանը հիմնող Արգիշտի արքաների տպավորիչ սեպագրերը և դամբարանը: Վանից Իգդիր վերադարձի ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժի մոտ: Գիշերակաց հյուրանոցում:
Կարսի Սբ. Առաքելոցը
Առավոտյան կճանապարհվենք Կարս: Կշրջենք քաղաքում, որը ժամանակին Բագրատունիների թագավորանիստն էր, կտեսնենք Կարսի բերդը, միջնադարյան “Վարդանի” կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակները, տպավորիչ Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Այստեղից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, կանցնենք Ախալցխայով և Ախալքալաքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Ուշ երեկոյան կժամանենք Երևան: