Մենք աշխատում ենք, որ Դուք հանգստանաք
   
Վերադարձ Կորուսյալ Հայրենիք (7 օր)
Պատվիրել

Արևմտյան Հայաստան` Վերադարձ Կորուսյալ Հայրենիք

Տևողություն
7 օր, 6 գիշեր

Համառոտ նկարագրություն
Վառ պահենք մեր պատմական հիշողությունը, ճանաչենք այն հայրենիքն, ուր մեր ժողովուրդն ապրել է հազարավոր տարիներ, և այն փառահեղ մշակույթը, որ թողել է այնտեղ: Այս ուղևորության ընթացքում դուք կհարստանաք անմոռանալի զգացումներով, երբ տեսնեք մեր հսկա Արարատը հակառակ կողմից, զբոսնեք փառավոր Անիի և Կարսի փողոցներով, վայելեք հանգիստը հրաշագեղ Վանա լճի Աղթամար կղզում, զովանաք Նեմրութ սարի վրա, տեսնեք հպարտ Սիփանը և Թոնդրակից բխած հրաբխային լավան, թարմանաք առասպելական Եփրատ-Արածանիի ափին, արթնանաք անուշ Մշո դաշտում, զբոսնեք ժամանակին հայաշատ Էրզրումի կենտրոնով, տպավորվեք հսկա` յոթ-մետրանոց հայկական ամենաբարձր խաչքարերով:

Արժեք
264.000 Դրամ

Հյուրանոցներ
Սարիղամիշ / Կարս, Վան, Մուշ

Ուղևորության ծրագիր.

Կարսի բերդից քաղաքի տեսարան
Վաղ առավոտյան Երևանից կմեկնենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, ապա կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք, պատմական Գուգարք աշխարհի գավառ, որ այժմ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանն է: Ախալքալաքից Ախալցխայի ճանապարհին կանգ կառնենք Փարվանա և Քուռ գետերի խառնարանի վրա խոյացող Խերթվիսի բերդի մոտ: Ասում են, թե այն Թամարա թագուհու ամենասիրելի բերդն է եղել: Շարունակելով ճանապարհը` կհասնենք Ախալցխա, Վրաստանի այս շրջանի կենտրոն: Ախալցխայում կարճատև հանգստից հետո կմեկնենք վրաց-թուրքական սահման: Հատելով սահմանը` կանցնենք Գուգարքի Արտահան գավառի Արսիան կոչվող գեղեցիկ լեռների և անտառների միջով և կժամանենք Կարս: Հյուրանոցում տեղավորվելուց հետո կշրջենք քաղաքում, նրա նեղ փողոցներով, ուր պահպանվել են 19-րդ դարի ռուս-հայկական ճարտարապետության ոճի բազմաթիվ շենքեր: Կտեսնենք միջնադարյան “Վարդանի” կամուրջը, Եղիշե Չարենցի ապրած տան ավերակները, Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Կբարձրանանք Կարսի բերդ, որ ժամանակին Հայոց թագավորության մայրաքաղաքի ամրոցն էր և Բագրատունիների թագավորանիստը` բազմաթիվ պատերազմների լուռ վկան: Գիշերը կանցկացնենք Սարիղամիշի/Կարսի հյուրանոցում:
Անի, Մայր Տաճար, Միջնաբերդ
Առավոտյան կմեկնենք առասպելական Անի, 9-11-րդ դարերի զորեղ Հայոց թագավորության հրաշալի մայրաքաղաք, որին անվանում էին “հազար ու մի եկեղեցիների քաղաք”: Անին իր ժամանակի խոշորագույն կրոնական, առևտրական և մշակութային կենտրոնն էր Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, որով անցել է «Մետաքսի ճանապարհը»: Շրջելով Անիում` մենք կզգանք զորությունը միջնադարյան պարիսպների և աշտարակների, հռչակավոր տաճարների և պալատների, որոնք հազարամյակ անց կանգուն են մնացել: Անիից կուղևորվենք Դողուբայազիթ (Բայազեդ), կանցնենք Իգդիր քաղաքի միջով, որից այն կողմ կբացվի Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ կողմից: Հին Բայազեդի վրա խոյանում է Արշակունյաց (1-5-րդ դարեր) Դարոյնք անառիկ ամրոցը, որ ծառայել է որպես հարստության գանձարան և թագավորական ընտանիքի ապաստարան: Կայցելենք նաև Իսհակ փաշայի շքեղ պալատ (17-րդ դար), մի համալիր, ուր տեղ են գտել պալատներ, հրապարակներ, մզկիթներ, որոնցում միահյուսված են պարսկական, արաբական և հայկական ճարտարապետական ոճերը: Պալատում կտեսնենք հարեմի սենյակներ, խորափոր զնդաններ, գողտրիկ բակեր: Այնուհետև կուղևորվենք դեպի Վան քաղաք, Վասպուրական աշխարհ: Ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք Բերկրիի գեղեցիկ ջրվեժի մոտ: Երեկոյան կհասնենք և գիշերը կմնանք Վանում:
Օր 3
Առավոտյան կայցելենք ուրարտական Տուշպա/ Վան բերդ (9-րդ դար մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի արքայի տպավորիչ սեպագրերը: Ապա քաղաքի միջով անցնելիս կանգ կառնենք “Սասնա Ծռեր” էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Ցանկության դեպքում կայցելենք Վանա կատուների բուծարան: Վանա կատուները հայտնի են նրանով, որ ապրում են միայն Վանի տարածքում և ունեն տարբեր գույների` կապույտ և դեղին աչքեր: Այնուհետև բարձրանալով Վարագա լեռը` կհայտնվենք Վասպուրական թագավորության հոգևոր առաջնորդարան Վարագավանք վանական համալիրում (որ տեղացիները կոչում են “Յեդի քիլիսե”` Յոթ եկեղեցի): Այստեղից կիջնենք դեպի փիրուզե Վանա լիճ, կնավարկենք դեպի Աղթամար կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ, ինչպես նաև համաշխարհային, կրոնական ճարտարապետության գլուխգործոց, դրսից այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գունեղ որմնանկարներով: Մենք կհամտեսենք հայտնի “Վանա տառեխ”-ը, որը լճում ապրող միակ տեսակի ձուկն է, և կվայելենք լողափում հանգստանալու և Վանա լճում լողալու հաճույքը: Գիշերը կվերադառնանք և կմնանք Վանում:
Օր 4
Առավոտյան կճանապարհվենք դեպի Դատվան քաղաք: Անցնելով այն` կբարձրանանք Նեմրութ լեռ` հրաբուխ, որի վերջին ժայթքումը տեղի է ունեցել ընդամենը երեք հարյուր տարի առաջ: Կբարձրանանք ոլորապտույտ ճանապարհով և կվայելենք գեղեցիկ տեսարաններ. Նեմրութ լիճը մեկ կողմից, Վանա լիճը` մյուս, իսկ եթե եղանակը պարզ լինի, կերևա նաև հպարտ Սիփանը: Կտեսնենք ժայռեր, որոնք ըստ լեգենդի կոչվում են “Նեբրովթի բանակ”, ինչպես նաև “Շամիրամի արցունքներ” կոչվող քարեր: Գեղատեսիլ և ջինջ կրատերային լճի մոտ հանգստանալուց հետո կճանապարհվենք դեպի Բիթլիս քաղաք (պատմական Բաղեշ), որ գտնվում է Տավրոսյան լեռների կիրճում: Այն եղել է Հայոց Աղձնիք նահանգի (բդեշխության), իսկ ավելի ուշ Քրդական Էմիրության (13-19-րդ դարեր) կենտրոն: Բիթլիսում ամենատպավորիչ տեսարանը նրա անառիկ բերդն է, որի հիմնադրումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն: Բիթլիսից կմտնենք գեղեցիկ Մշո դաշտ` Տուրուբերան աշխարհի Տարոն գավառ, որի միջով հոսում է Արածանին (Արևելյան Եփրատը): Ապա կհասնենք Մուշ և կգիշերենք այնտեղ:
Օր 5
Առավոտյան կարշավենք սարերի բարձունքում թաքնված հռչակավոր Մշո Առաքելոց վանք: Այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը Հռոմից բերված երեք առաքյալների մասունքների վրա` Պետրոսի, Պողոսի և Անդրեասի: Այնուհետև կմեկնենք Արածանու վրա գտնվող Սուլուխի միջնադարյան կամուրջ` հայ ազգային ազատագրական պայքարի կարևոր տեղանուններից մեկը` Գևորգ Չաուշի նահատակման վայրը: Այստեղից կշարժվենք դեպի Մշո “Սուլթան” Սուրբ Կարապետ վանք, որ ժամանակին հայ հոգևոր կարևորագույն կենտրոնն էր` Էջմիածնից հետո, մի փառավոր ճարտարապետության նմուշ: Այժմ երևում են միայն նրա աղքատիկ փլատակները քրդական գյուղում, որի տները կառուցված են տաճարի սրբատաշ քարերով: Վերադառնալով` կշրջենք հին Մուշում, կտեսնենք այն, ինչ մնացել է հայկական եկեղիցիներից, կբարձրանանք “բերդի զբոսայգի”, որտեղից բացվում է գեղատեսիլ Մշո դաշտի տեսարանը: Գիշերը կանցկացնենք Մուշում:
Օր 6
Մուշից դուրս գալով` կանցնենք պատմական Բարձր Հայքով, Բյուրակնի/ Բինգյոլի և Գայալախազուտ/ Փալանդյոքենի լեռներով: Ապա դուրս կգանք Արևմտյան Եփրատի մոտ և բարձրանալով Պախրի լեռները` կհայտնվենք գեղաշուք Ապրանք/ Ապարանք վանքում, ուր գտնվում են գերազանց պահպանված Սբ. Հովհաննես եկեղեցին (17-րդ դար), Սբ. Դավիթ մատուռը և աշխարհի ամենաբարձր` ավելի քան 6 մետր բարձրություն (!) ունեցող հրաշալի խաչքարերը (12-րդ դար): Այնուհհետև կշարունակենք ճանապարհը դեպի Էրզրում (պատմական Կարին), որ Արևմտյան Հայաստանի խոշորագույն քաղաքն է: Կայցելենք բյուզանդական Թեոդուպոլիս բերդ (5-րդ դար), որը 19-20-րդ դարերի պատերազմներում բազմիցս գրավվել է ռուսական զորքերի և հայ կամավորների կողմից: Կտեսնենք հայտնի միջնադարյան Չիֆթե Մինարե մեդրեսեն (կրոնական դպրոց), Սանասարյան վարժարանի շենքը, որի մոտ գտնվում է մոնղոլների օրոք հիմնված Յակուտիե մեդրեսեն: Էրզրումից դուրս գալով` կմեկնենք դեպի Կարս, ճանապարհին մեզ կհանդիպի միջնադարյան Բասենի բերդը (Հասան-քալա), ապա կանգառ կանենք Արաքս և Մուրց գետերի խառնարանի մոտ, ուր գտնվում է հին Հովվի կամուրջը: Երեկոյան կժամանենք և գիշերը կանցկացնենք Սարիղամիշում:
Օր 7
Մինչ վերադառնալը մենք կայցելենք Արդահան քաղաք, որ գնվում է Քուռ գետի վերին հոսանքում` պատմական Գուգարքի համանուն գավառում: Այստեղի հինավուրց բերդը եղել է հայ ապա վրաց Բագրատունիների տիրույթ, 16-րդ դարից անցել է օսմանցիների ձեռքը, իսկ ավել ուշ գրավվել ռուսական զորքերի կողմից: Արդահանից դուրս գալով`կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, կանցնենք Ախալցխայով և Ախալքալաքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Ապա կանցնենք Գյումրիով և երեկոյան կժամանենք Երևան: