Մենք աշխատում ենք, որ Դուք հանգստանաք
   
Ուխտագնացություն Իրան և Արևմտյան Հայաստան (7 օր)
Պատվիրել

Տեւողություն
7 օր, 6 գիշեր

Համառոտ նկարագրություն
Տեսեք մեր պատմական հրաշալիքներն այս հետաքրքիր երկրում, Սբ. Թադեի և Սբ. Ստեփանոսի վանքերը, Հայկական լեռնաշխարհի գեղեցիկ Ուրմիա եւ Վան լճերը, վայելեք մեր գեղեցիկ բնաշխարհի հմայքը:

Արժեք
331.000 Դրամ

Հյուրանոցներ
Մեղրի, Մակու, Թավրիզ, Ուրմիա, Վան,Իգդիր/Բայազետ 3

Ուղևորության ծրագիր.

Առավոտյան Երևանից կուղևորվենք դեպի հարավ` Մեղրի: Ճանապարհին կանցնենք Արարատյան դաշտով, Վայքի մարզով, ապա Սյունիք մտնելով` կուղևորվենք Տաթև: Աշխարհի ամենաերկար ճոպանուղի նստելով` կվայելենք շրջակա լեռների և կիրճերի գեղեցիկ տեսարաններ: Ճոպանուղին ձգվում է մոտ 6 կմ Հալիձորից մինչև Տաթև գյուղ: Անցնելով կիրճի մյուս կողմը` կհայտվնենք Հայաստանի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկում` Տաթևի վանքում, որը հիմնադրվել է 4-րդ դարում: Տպավորիչ են նրա բերդային պարիսպների, եկեղեցիների, վանական խուցերը, ինչպես նաև շրջապատող բնության գեղեցկությունը: Ապա կանցնենք Գորիսը, Կապանը, Հայաստանի ամենաբարձր Տաշտունի լեռնանցքը (2553 մ.) և կիջնենք Մեղրիի հովիտ: Գիշերակացը կլինի Մեղրիում:
Մեղրիից դուրս գալով` կհատենք հայ-իրանական սահմանը և պատմական Սյունիք աշխարհից կմտնենք Վասպուրական աշխարհի Արտազ գավառ: Ջուղա (Ջուլֆա) քաղաքի մոտով կուղևորվենք դեպի Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանք, ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ, հիասքանչ ճարտարապետության նմուշ, որ գտնվում է Արաքս գետի մոտ` գեղեցիկ կիրճում: Ըստ ավանդության, Սբ. Ստեփանոս վանքը հիմնադրել է Բարդուղիմեոս Առաքյալը 1-ին դարում: Ապա կուղևորվենք Մակու, ճանապարհին կվայելենք Արարտի գեղեցիկ տեսարան հակառակ կողմից: Մեր ճանապարհը կանցնի Ավարայրի դաշտով, ուր 451 թվականին պարսից հզոր զորքի դեմ ճակատամարտի արդյունքում Վարդան Մամիկոնյան սպարապետի առաջորդությամբ հայերը պահպանեցին իրենց ազգային և կրոնական ինքնությունը: Գիշերակաց Մակու քաղաքում:
Այստեղից կմեկնենք դեպի հայ ճարտարապետության գոհարներից մեկը հանդիսացող` ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբեկտ Սուրբ Թադեի վանք: Ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում կարգադրել էր կառուցել այս վանքն ի հիշատակ Թադեոս Առաքյալի մարտիրոսության: Այժմ այս շքեղ վանքում ամեն ամառ հավաքվում են հազարավոր ուխտագնացներ: Մեր խումբը կմասնակցի Սբ. Թադեոս առաքյալի և Սբ. Սանդուխտ կույսի տօնի ուխտագնացությանը: Պատարագ կմատուցվի և կքարոզեն Իրանի հայոց թեմերի առաջնորդները, հայ համայնքի երգչախմբերը երգեցողություններ կկատարեն: Սբ. Պատարագից հետո եկեղեցական հայրերը և ժողովուրդը թափոր կկազմեն վանքի շուրջ` Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքակիր աջով և այլ սրբանշաններով, որից հետո կկատարվի Ջրօրհնեք։ Այստեղից կմեկնենք Թավրիզ/ Թավրեշ` պատմական Ատրպատական: Գիշերակաց Թավրիզում:
Որոշ պատմիչներ վկայում են, որ Թավրիզ կամ Դավրեժ քաղաքը հիմնադրել է Խոսրով Արշակունի թագավորը 220 թվականին: Այժմ Թավրիզը Արևելյան Ադրբեջան կոչվող մարզի կենտրոնն է, մեծությամբ չորրորդ քաղաքը Իրանում, և մի ժամանակ եղել է Իրանի մայրաքաղաք: Թավրիզում կայցելենք Թավրիզի Հայոց ազգային առաջնորդարան և Սբ. Մարիամ եկեղեցի: Կտեսնենք նաև այս քաղաքի կարևոր տեսարժան վայրերը. հրաշագեղ Երկնագույն մզկիթը` իր դարաշրջանի ամենափառահեղ շինություններից մեկը: Այն կառուցվել է Շահ Ջահանի օրոք, որը 15-րդ դարում թյուրքական Քարա Քոյունլու` “սև ոչխարավորներ” ցեղի առաջնորդ էր: Կտեսնենք “Արգ-ե Թավրիզ”-ը` 14-րդ դարի միջնաբերդի մի մասը: Կարող ենք նաև շրջել գեղեցիկ Թավրիզյան շուկայում, որը ժամանակին եղել է ամենամեծ և ամենագեղեցիկ շուկան Մերձավոր Արևելքում: Դուրս գալով Թավրիզից` կհատենք Ուրմիա կամ Կապուտան լիճը վերջերս կառուցված կամրջով: Կանգառ կանենք, և ցանկացողները կկարողանան լողալ այս եզակի լճի աղե ջրերում: Ուրմիան Մերձավոր Արևելքի ամենամեծ լիճն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոսֆերային արգելոց: Ուրմիայի ժայռոտ կղզիները թաքստոց են հանդիսանում ֆլամինգոների, այլ հազվագյուտ թռչյունների, վայրի այծերի և եղջերուների համար: Մեր հաջորդ կանգառը Ուրմիա քաղաքն է, որն այժմ Արևմտյան Ադրբեջան կոչվող մարզի կենտրոնն է: Մինչև 20-րդ դարի սկիզբ Ուրմիան եղել է բազմազգ քաղաք, ուր հրեաներ, հայեր և ասորիներ ապրում էին ադրբեջանցի և քուրդ մահմեդականների հետ: Ըստ առասպելի, Ուրմիան զրադաշտության հիմնադիր Զրադաշտի կամ Զարատուստրայի հայրենիքն է, ինչպես նաև դամբարանատեղը այն երեք քրմերի, ովքեր եկել էին Բեթղեհեմ նորածին Քրիստոսին երկրպագելու: Ուրմիայում բազմաթիվ պտղատու այգիներ են եղել և այն համարվել է “Պարսկաստանի այգին”: Ուրմիա քաղաքում և նրա շրջակայքում կայցելենք հայկական և ասորական եկեղեցիներ, կայցելենք նաև քաղաքի մոտ գտնվող միակ պահպանված հայկական գյուղը` Գարդեբադը: Գիշերակաց Ուրմիայում:
Առավոտյան կճանապարհվենք հյուսիս` դեպի Սալմաստ (Զարավանդ) քաղաք, ուր կայցելենք Սբ. Գրիգոր եկեղեցի (12-րդ դար): Ապա կայցելենք Փայաջուկ գյուղ` Րաֆֆու ծննդավայր: Կտեսնենք այն դպրոցի փլատակները, ուր սովորել էր մեծ գրողը, կտեսնենք նաև հին հայկական գերեզմանոցում գտնվող Րաֆֆու մոր շիրմաքարը: Այստեղից կուղևորվենք Խոյ կամ Հեր քաղաք, ուր գտնվում է Սբ. Սարգիս եկեղեցին (որն այժմ թանգարան է դարձել): Խոյից կշարժվենք դեպի արևմուտք, կանցնենք Ղոթուրի (Զագրոսի) լեռնաշղթան կտրող գեղատեսիլ ճանապարհով և կհասնենք իրանա-թուրքական սահման: Սահմանն անցնելով` արդեն Թուրքիայի տարածքում կուղևորվենք դեպի սքանչելի Արճակ լիճ: Լճի մոտ է գտնվում Խառակոնիս գյուղը, այն ծննդավայրն է հայ քնարերգություն մեծ անուն Նահապետ Քուչակի, որն ապրել և ստեղծագործել է 16-րդ դարում: Այստեղ է ծնվել նաև 20-րդ դարի անվանի հայ գրող Նաիրի Զարյանը: Երեկոյան կժամանենք և գիշերը կանցկացնենք Վան քաղաքում:
Առավոտյան կուղևորվենք դեպի Վանա լիճ և կնավարկենք դեպի Աղթամար` գեղեցիկ կղզի փիրուզե լճում, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոցներից է, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմնանկարներով: 2010 թվականի սեպտեմբերին Սուրբ Խաչում կիրակնօրյա Պատարագ մատուցվեց` առաջին անգամ մեկ դար անց Արևմտյան Հայաստանում: Այսպիսով Աղթամարի Սբ. Խաչը դարձավ միակ գործող Հայ Եկեղեցին Արևմտյան Հայաստանի տարածքում: Ախթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Կհամտեսենք նաև հայտնի “Վանա տառեխ” ձուկը, որը լճում ապրող միակ տեսակի ձուկն է: Ախթամարից հետո կայցելենք Վանի բերդ՝ Տուշպա, 9-րդ դար մ.թ.ա., ուր կտեսնենք Երևանը հիմնող Արգիշտի արքայի տպավորիչ սեպագրերը և դամբարանը: Վանից հետո կուղևորվենք դեպի Բայազեդ և Իգդիր: Ճանապարհին կանգ կառնենք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժի մոտ: Գիշերակաց Բայազետում կամ Իգդիրում:
Առավոտյան կմեկնենք դեպի Կարս: Հասնելով քաղաք` կտեսնենք միջնադարյան Վարդանի կամուրջը, Սբ. Առաքելոց տպավորիչ եկեղեցին (10-րդ դար), Կարսի բերդը` Բագրատունիների թագավորանիստը: Մեր հաջորդ կանգառը կլինի առասպելական Անին, 9-11-րդ դարերի Հայոց թագավորության հրաշալի մայրաքաղաքը, որին անվանում էին “հազար ու մի եկեղեցիների քաղաք”: Անին իր ժամանակի խոշորագույն կրոնական, առևտրային և մշակութային կենտրոնն էր Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում: Մենք կզգանք զորությունը միջնադարյան պարիսպների և աշտարակների, հռչակավոր տաճարների և պալատների, որ հիանալի պահպանվել են մեկ հազարամյակ անց: Անիից կմեկնենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան մտնելով` կանցնենք Ախալցխայով և Ախալքալաքով և կհատենք վրաց-հայկական սահմանը, որից հետո կվերադառնանք Երևան: