Մենք աշխատում ենք, որ Դուք հանգստանաք
   
Սքանչելի Աղթամար և Կտուց(4 օր)
Պատվիրել

Սքանչելի Աղթամար և Կտուց` շրջայց դեպի Վան, Կարս և Անի

Տեւողություն
4 օր, 3 գիշեր

Համառոտ նկարագրություն
Այցելեք Արևմտյան Հայաստանի նշանավոր հուշարձանները. փառահեղ Անին և Կարսը, առասպելական Վանա լիճ, Կտուց և Աղթամար, տեսեք Սիփանը և Թոնդրակը, Դարոյնքն ու Բերկրիի ջրվեժը, զգացեք պատմական հայրենիքի շունչը:

Արժեք
120.000 Դրամ  99.000 Դրամ

Հյուրանոցներ
Բայազետ / Իգդիր, Վան, Կարս / Իգդիր / Բայազետ

Ուղևորության ծրագիր.

Կարսի տեսարան բերդից
Վաղ առավոտյան Երևանից կուղևորվոնք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, ապա կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք: Շարունակելով ճանապարհը` կհասնենք Ախալցխա, Վրաստանի այս շրջանի կենտրոն: Ախալցխայում կարճատև հանգստից հետո կմեկնենք վրաց-թուրքական սահման: Հատելով սահմանը` կանցնենք Արսեան կոչվող գեղեցիկ լեռների և անտառների միջով և կհասնենք Կարս: Կարսում շրջայց կկատարենք, կտեսնենք միջնադարյան “Վարդանի” կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակները, տպավորիչ Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար), Կարսի բերդը, որը ժամանակին Հայոց մայրաքաղաքի միջնաբերդն էր` Բագրատունիների թագավորանիստը: Գիշերը կանցկացնենք Իգդիրի կամ Բայազետի հյուրանոցում:
Վանա լիճ, Աղթամար
Առավոտյան մեր առաջ կբացվի Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ (հարավային) կողմից: Ապա կմեկնենք հին Բայազետ, ուր կտեսնենք Արշակունյաց Դարոյնք անառիկ ամրոցը (1-5-րդ դդ.), որը ժամանակին ծառայել է որպես հարստության գանձարան և թագավորական ընտանիքի ապաստարան: Կտեսնենք նաև Իսհակ փաշայի շքեղ պալատ (17-18-րդ դդ.). մի համալիր, ուր միահյուսված են պարսկական, արաբական և հայկական ճարտարապետական ոճերը: Այստեղից կուղևորվենք դեպի Վան: Անցնելով Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռնաշղթա)` մենք կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Վանում կայցելենք ուրարտական Տուշպա/ Վան բերդ (9-րդ դար մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի և Երևանը հիմնող Արգիշտի արքաների տպավորիչ սեպագրերը և դամբարանը: Հասնելով լիճ` կնավարկենք դեպի Աղթամար` փիրուզե լճում մի գեղեցիկ կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմնանկարներով: 2010 թվականի սեպտեմբերին Սուրբ Խաչում կիրակնօրյա Պատարագ մատուցվեց` առաջին անգամ մեկ դար անց Արևմտյան Հայաստանում: Այսպիսով Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին դարձավ միակ գործող Հայ Եկեղեցին պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում: Աղթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Կհամտեսենք նաև հայտնի “Վանա տառեխ” ձուկը, որը լճում ապրող միակ տեսակի ձուկն է: Գիշերակացը` Վանի հյուրանոցում:
Բերկրիի ջրվեժ
Առավոտյան բարձրանալով Վարագա լեռը` կհայտնվենք Վասպուրական թագավորության հոգևոր առաջնորդարան Վարագավանք համալրում (որ տեղացիները կոչում են “Յեդի քիլիսե”` Յոթ եկեղեցի): Վան քաղաքի միջով անցնելիս կանգ կառնենք ʹՍասնա Ծռերʹ էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Այնուհետև կնավարկենք Կտուց կղզի, ուր կտեսնենք Սբ. Կարապետ եկեղեցին: Այն հրաշքով մինչ օրս պահպանվել է, մի հրաշալի կառույց է շարված սպիտակ և սրճագույն խլաթի քարից, իսկ գմբեթը՝ սպիտակ տուֆից: Վանից հետո կուղևորվենք հետ դեպի Կարս: Ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք գեղատեսիլ Բերկրիի (Մուրադիյե) ջրվեժի մոտ: Գիշերակացը Իգդիրի/Բայազետի կամ Կարսի հյուրանոցում:
Տեսարան Անիում
Առավոտյան կմեկնենք առասպելական Անի, 9-11-րդ դարերի Հայոց թագավորության հրաշալի մայրաքաղաք, որին անվանում էին “հազար ու մի եկեղեցիների քաղաք”: Շրջելով Անիում` կտեսնենք միջնադարյան զորեղ պարիսպներ և աշտարակներ, շքեղ տաճարներ (Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն, Սբ. Առաքելոց) և պալատներ, որոնք հազարամյակ անց կանգուն են մնացել: Վերադարձի ճանապարհին կայցելենք Արդահան քաղաք, որը գնվում է Քուռ գետի վերին հոսանքում` պատմական Գուգարք աշխարհի համանուն գավառում: Այստեղի հինավուրց բերդը եղել է հայ ապա վրաց Բագրատունիների տիրույթ, 16-րդ դարից անցել է օսմանցիների ձեռքը, իսկ 19- րդ դարում այն գրավել են ռուսները: Արդահանից դուրս գալով` կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, կանցնենք Ախալցխայով և Ախալքալաքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Ապա կանցնենք Գյումրիով և երեկոյան կժամանենք Երեւան: