Մենք աշխատում ենք, որ Դուք հանգստանաք
   
Վերելք Արարատ Լեռ (7 օր)
Պատվիրել

Վերելք Արարատի գագաթ և շրջայցեր Կարս, Անի, Վան եւ Աղթամար

Տևողություն
7 օր, 6 գիշեր

Համառոտ նկարագրություն
Իր վսեմ բարձունքից Արարատը հիշեցում մեր փառավոր անցյալը և ոգեշնչում դեպի պայծառ ապագա: Այն գերիշխում է մեր լեռնաշխարհի և ազգային ոգու վրա: Շատերն են երազում նվաճել նրա վեհաշուք գագաթը Նոյ Նահապետի հետքերով, եղեք նրանցից մեկը:

Արժեք
475.000 Դրամ
Ուղևորության համար անհրաժեշտ պարագաներ.

a) դահուկային/արշավային ձեռնափայտ
b) արշավային/լեռնագնացային կոշիկներ
c) մեծ և փոքր ուսապարկ
d) տաք քնապարկ (փչովի կամ սպունգի դոշակի հետ)
e) արշավային արևային ակնոց
f) դահուկային/լեռնագնացային հագուստ
g) արշավային լուսարձակ

Հյուրանոցներ
Վան, Սարիղամիշ / Կարս, Իգդիր / Բայազետ

Ուղևորության ծրագիր.

Վաղ առավոտյան Երևանից կմեկնենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, ապա կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք: Ախալքալաքից Ախալցխայի ճանապարհին կանգ կառնենք Փարվանա և Քուռ գետերի խառնարանի վրա խոյացող Խերթվիսի բերդի մոտ: Շարունակելով ճանապարհը` կհասնենք Ախալցխա` Վրաստանի այս շրջանի կենտրոն, ուր կարճատև հանգստից հետո կմեկնենք վրաց-թուրքական սահման: Հատելով սահմանը` կանցնենք Գուգարքի Արտահան գավառի Արսեաց կոչվող գեղեցիկ լեռների և անտառների միջով և կժամանենք Կարս: Կշրջենք քաղաքում, կտեսնենք միջնադարյան “Վարդանի” կամուրջը, Եղիշե Չարենցի ապրած տան ավերակները, Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար) և Կարսի բերդը, որ ժամանակին Հայոց թագավորության մայրաքաղաքի ամրոցն էր և Բագրատունիների թագավորանիստը: Շարունակելով ճանապարհը` երեկոյան կհասնենք և գիշերը կանցկացնենք Իգդիրում / Բայազետ:
Առավոտյան խումբը ավտոմեքենայով/ միկրոավտոբուսով կհասնի 2200 մ. կայանատեղի, որտեղից ոտքով կարշավի դեպի 3200 մ. բարձրության վրա գտնվող ճամբար: Բեռները կտանեն ձիերը: Ճաշը և ընթրիքը արշավային պայմաններում: Գիշերակաց 3200 մ. ճամբարում, վրաններում:
Առավոտյան խումբը կարշավի դեպի 4200 մ. բարձրության վրա գտնվող ճամբար: Բեռները կտանեն ձիերը: Ճաշը և ընթրիքը արշավային պայմաններում: Օրվա երկրորդ կեսից հանգիստ 4200 մ. ճամբարում, վրաններում, մինչ կեսգիշեր:
Կեսգիշերից հետո կսկսվի վերելք Արարատի գագաթ 4200-ից 5165 մ.: Բեռները կմնան ճամբարում, կվերցվեն փոքր ուսապարկեր` ջրի և այլ անհրաժեշտ իրերի համար: Երթուղու երկարությունն է 14 կմ., տևողությունը մոտ 6 ժամ: Լուսաբացին խումբը կհասնի Արարատի գագաթ, ուր կմնա 40 րոպե: Ապա վայրէջք 4200 մ. ճամբար` հանգիստ, վայրէջք 3200 մ. ճամբար` հանգիստ: Վայրէջք Բայազետ: Գիշերակաց Բայազետում / Վանում:
Առավոտյան կայցելենք ուրարտական Տուշպա/ Վան բերդ (9-րդ դար մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի և Արգիշտի արքաների տպավորիչ դամբարանները և սեպագրերը: Քաղաքով անցնելիս կանգ կառնենք “”Սասնա Ծռեր” էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Այնուհետև կբարձրանանք Վարագա լեռը` Վասպուրական թագավորության հոգևոր առաջնորդարան Վարագավանք համալիր: Այստեղից կիջնենք դեպի Վանա լիճ, կնավարկենք դեպի Աղթամար կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Այն մինչև 2010 թվականի սեպտեմբեր ամիսը թանգարան էր, իսկ այժմ` գործող Հայկական եկեղեցի: Մենք կհամտեսենք հայտնի “Վանա տառեխ”-ը, որը լճում ապրող միակ տեսակի ձուկն է, և կվայելենք լողափում հանգստանալու և Վանա լճում լողալու հաճույքը: Ապա կվերադառնանք Վան: Գիշերակացը Վանում:
Առավոտյան կճանապարհվենք դեպի Անի: Ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք Բերկրիի գեղեցիկ ջրվեժի մոտ: Ապա կհասնենք Բայազետ, ուր կտեսնենք քաղաքի վրա խոյացող Արշակունյաց (1-5-րդ դարեր) Դարոյնք անառիկ ամրոցը, որ ծառայել է որպես հարստության գանձարան և թագավորական ընտանիքի ապաստարան: Կարող ենք այցելել նաև Իսհակ փաշայի շքեղ պալատ (17-րդ դար), մի համալիր, ուր տեղ են գտել պալատներ, հրապարակներ, մզկիթներ, որոնցում միահյուսված են պարսկական, արաբական և հայկական ճարտարապետական ոճերը: Այնուհետև կուղևորվենք առասպելական Անի, 9-11-րդ դարերի զորեղ Հայոց թագավորության հրաշալի մայրաքաղաք, որին անվանում էին “հազար ու մի եկեղեցիների քաղաք”: Անին իր ժամանակի խոշորագույն կրոնական, առևտրական և մշակութային կենտրոնն էր Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, որով անցել է «Մետաքսի ճանապարհը»: Շրջելով Անիում` մենք կզգանք զորությունը միջնադարյան պարիսպների և աշտարակների, հռչակավոր տաճարների և պալատների, որոնք հազարամյակ անց կանգուն են մնացել: Երեկոյան կժամանենք և գիշերը կանցկացնենք Կարսում / Սարիղամիշում:
Մինչ վերադառնալը մենք կայցելենք Արդահան քաղաք, որ գնվում է Քուռ գետի վերին հոսանքում` պատմական Գուգարքի համանուն գավառում: Այստեղի հինավուրց բերդը եղել է հայ ապա վրաց Բագրատունիների տիրույթ, 16-րդ դարից անցել է օսմանցիների ձեռքը, իսկ ավել ուշ գրավվել ռուսական զորքերի կողմից: Արդահանից դուրս գալով`կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան մտնելով` կանցնենք Ախալցխայով և Ախալքալաքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Ապա կանցնենք Գյումրիով և երեկոյան կժամանենք Երևան: